Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը անցած եռամսյակի ֆինանսական արդյունքներին նվիրված իր վերջին զանգ-կոնֆերանսի ընթացքում անդրադարձավ Tesla Energy էներգետիկական գործընթացին, որը ապագայում պետք է եկամուտների ծավալով գերազանցի ընկերության հիմնական՝ ավտոմեքենաների բիզնեսը (անցյալ եռամսյակում ավտոմեքենաների բիզնեսը բերել է 5.353 մլրդ դոլլար եկամուտ, իսկ էներգետիկականը՝ 402 մլն դոլլար)։ Եվ այդ նպատակին հասնելու առաջին քայլերը իրենց երկար սպասեցնել չտվեցին։

Անցած հանգստյան օրերին Tesla-ն ներկայացրեց Solar Roof հեղափոխական արևային տանիքների նոր սերունդ։ Դա Tesla-ի արդեն երրորդ այդպիսի սերունդն է, որը, սակայն, դեռևս չի ստացել զանգվածային տարածում՝ հակառակ արտադրողի սպասումներին։ Բայց, հնարավոր է, այս անգամ Tesla-ին կհաջողվի գրավել տանիքի ծածկույթների շուկան։

Tesla Solar Roof-ի երրորդ սերունդը հզորությամբ գերազանցում է նախորդ տարբերակները (ցավոք, ընկերությունը չի տրամադրում հստակ թվեր)։ Բացի այդ, սալիկներում պարունակվող բաղադրիչների քանակը կրճատվել է երկու անգամ, ինչը թույլ է տվել նվազեցնել արտադրման ծախսերը՝ համեմատ երկրորդ սերնդի։ Իլոն Մասկը հավաստիացնում է, որ 80% դեպքերում Solar Roof-ի տեղադրումը ավելի էժան կլինի, քան ավանդական, առանձին գնված արևային վահանակներով տանիքը։

Հանուն արդարության պետք է նշել, որ Tesla-ն նույնն էր նշում նաև առաջին և երկրորդ սերունդների մասին։ Սակայն տանիքի նոր ծածկը ոչ միայն ավելի էժան և արդյունավետ է, այլ նաև առավել հարմար տարբերակ է տեղադրման հեշտության և աշխատանքի համար նախատեսված անհրաժեշտ ժամանակի կրճատման տեսանկյունից։ Սկզբում Tesla-ն ինքնուրույն է կատարելու Solar Roof արևային տանիքների տեղադրման աշխատանքները, բայց ժամանակի ընթացքում հրավիրվելու են այլ կապալառուներ։

Ի վերջո Tesla Solar Roof-ի տեղադրման համար կպահանջվի ընդհամենը 8 ժամ։ Դա տպավորիչ է հնչում, եթե հաշվի առնենք, որ սովորաբար այդ աշխատանքները կատարելու համար պահանջվում էր մինչև մեկ շաբաթ ժամանակ։ Տվյալ դեպքում, խոսքը գնում է 185 մ2 մակերեսով և 10 կՎտ հզորությամբ միջին համակարգի մասին։ Այն կարժենա մոտ 34 հազար դոլլար՝ արևային վահանակների տեղադրման փոխհատուցումը հաշվի առնելով։

Tesla-ն պլանավորում է վաճառել Solar Roof սալիկները մի քանի տարբերակով, նաև ավանդական տանիքի ծածկի դիզայնով։ Սակայն դեռևս հասանելի է Solar Roof-ի միայն մեկ տարբերակ՝ սև ապակի հիշեցնող տարբերակը։ Ընկերությունը պլանավորել է յուրաքանչյուր 6-9 ամիսը մեկ ավելացնել մեկ նոր դիզայնի տարբերակ։

Արդյունավետությամբ Solar Roof սալիկները մի փոքր զիջում են սովորական վահանակներին, սակայն այդ զոհաբերումը արդարացված է ոչ միայն  էսթետիկ տեսանկյունից։ Քանի որ տանիքը ամբողջությամբ ծածկով է պատված, ընդհանուր արտադրության վրա դա գրեթե ոչ մի կերպ չի ազդում։ Աշխատանքային երաշխիքը կազմում է 25 տարի։

Հիշեցնենք, որ օգոստոսին Tesla-ն ԱՄՆ-ում գործի է դրել արևային վահանակների անվճար տեղադրման և վճարովի ապամոնտաժման վարձակալության հասանելի ծառայությունը։

Աղբյուրը՝ այստեղ