Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակն ընդլայնելու կարևոր քայլ կհանդիսանա: Այն կամրապնդի քաղաքական երկխոսությունը և ամուր հիմք կստեղծի տնտեսական և սոցիալական բարեփոխումները շարունակելու համար: Ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ ամուր հանձնառությունն ընկած է նոր համաձայնագրի և Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության հիմքում: ՀԸԳՀ-ն նաև կստեղծի ավելի ամուր համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վերականգնողական էներգետիկան, տրանսպորտը և շրջակա միջավայրը, նոր հնարավորություններ առևտրի և ներդրումների բնագավառում, և դյուրացված շարժունակություն՝ ի շահ քաղաքացիների:

Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները զգալիորեն ամրապնդվել են վերջին տարիներին: ՀԸԳՀ-ն համատեղ ջանքերի արդյունք է, որն էլ ավելի կխորացնի կողմերի հարաբերությունները Եվրոպական հարևանության վերանայված քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակներում: ՀԸԳՀ-ն հնարավորություն կընձեռնի ԵՄ-ին և Հայաստանին իրենց հարաբերությունները որակական նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:

 

Աղբյուր՝ այստեղ