Գեղարքունիքի մարզում 55 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով հայտարարված մրցույթը կառանձնանա թափանցիկությամբ ու արդար ձևաչափով: Այս մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը գարնանն ամփոփվելիք մրցույթի նախամրցութային համաժողովի ժամանակ: «Այս միջոցառումը չափազանց կարևոր է, քանի որ մենք սկսում ենք տնտեսական մի այլ տեսակի գործունեություն էներգետիկ ոլորտում, ինչը մի կողմից ընդգրկում է ֆոտովոլտային արևային արտադրությունը, մյուս կողմից` ձեռք է բերել մրցույթի ձևաչափ: Ես կցանկանայի հատուկ ընդգծել մրցույթի տեսակը, որը հիմնված է արժեքի, գնի վրա: Մենք փորձում ենք բացառիկ թափանցիկությամբ և արդար ձևով այն անցկացնել: Յուրաքանչյուր մասնակից պետք է համոզված լինի, որ արդար պայմաններում է գնահատական տրվել իր առաջարկին, և միայն լավագույն առաջարկն է ընդունվել»,-ասաց Վաչե Գաբրիելյանը: Նա շեշտեց կառավարության հանձնառությունը` ստեղծելու անհրաժեշտ պայմաններ, որ հաղթողն ունենա մեծ հնարավորություններ ծրագիրն առանց խոչընդոտների իրականացնելու համար:

 

Փոխվարչապետի դիտարկմամբ` ծրագրի կարևորությունը ոչ միայն դեպի Հայաստան ներդրումների խրախուսումն է, այլ նաև նոր տեխնոլոգիաների մուտքը ոլորտ: «Արևային ֆոտովոլտային արտադրությունը հանդիսանում է ոլորտի առավել կարևոր ու արագ զարգացող ճյուղերից մեկը: Մենք առաջընթաց ենք նկատում այս ոլորտում ամեն օր, արևային էներգետիկան գնալով ավելի մեծ մասնաբաժին է սկսում զբաղեցնել էներգետիկ արտադրության ընդհանուր ոլորտում: Համոզված եմ՝ Հայաստանի բնական պայմանները շատ բարենպաստ են դրական արդյունքներ արձանագրելու համար»,-նշեց պաշտոնյան:

Վաչե Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց Համաշխարհային բանկի գործընկերներին տեխնիկական և խորհրդատվական օժանդակության համար` նշելով, որ նախաձեռնությունը պահանջում է նոր հմտություններ, նոր գիտելիք՝ գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համար:

Աղբյուր՝  այստեղ