Հայաստանում բնակչության և փոքր ու միջին բիզնեսի շրջանում արևային էներգետիկայի ընձեռած հնարավորություններից օգտվելու համար էլ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ արտահայտեց SolarOn արևային վահանակներ արտադրող ընկերության կոմերցիոն տնօրեն Էմմա Ալլախվերդյանը:«Էներգետիկայի ոլորտում նախատեսվող փոփոխությունները բավականին բարենպաստ են, մենք արդեն դրական ենք արձագանքել դրանց: Այն, որ առանց լիցենզավորման հնարավոր կլինի 150 կՎտ-ի փոխարեն ունենալ 500 կՎտ հզորությամբ արևային կայան, կխթանի ՓՄՁ-ներին ավելի շատ ներդրումներ կատարել ոլորտում` իրենց սպառած էլեկտրաէներգիան փոխակերպելով այլընտրանքայինի»,-ասաց Էմմա Ալլախվերդյանը: Նա նկատեց, որ 150 կՎտ-ն այնքան էլ մեծ ծավալ չէր, որպեսզի ՓՄՁ-ների ծախսերի ու սպառման տեսանկյունից դիտվեր որպես արդյունավետ: Ընկերության ներկայացուցչի դիտարկմամբ` փոփոխությունները կնպաստեն, որ ՓՄՁ-ները մինչև անգամ 100 տոկոսով կրճատեն էներգետիկ ծախսերը:Ինչ վերաբերում է փոխհոսքերի մեխանիզմների փոփոխությանը, ապա, ըստ մասնագետի, դրանք ևս դրական արձագանք են գտել բնակչության շրջանում: «Օրենսդրական փոփոխությունները կնպաստեն, որ կուտակված էներգիան մարդիկ սպառեն ձմռանը, ինչը շատ մեծ քայլ է»,-ասաց Էմմա Ալլախվերդյանը` հավելելով, որ դա կմոտիվացնի ինքնավար էներգաարտադրողներին անցնել վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմանը:Էմմա Ալլախվերդյանի խոսքով` շուկայում առկա ֆինանսական գործիքները ևս պարարտ հող են ստեղծում արևով հարուստ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման համար:

«Ներկայում առկա են վարկային առաջարկներ, որոնց կիրառման դեպքում գումարը, որ սպառողները պետք է ուղղեին որպես էլեկտրաէներգիայի ամսական վճար, կարող են ուղղել վարկի մարմանը: Հետգնման ժամկետը 5-7 տարի է, իսկ արևային համակարգերի օգտագործման ժամկետը 25 տարուց ավելի է: Ստացվում է 5-7 տարի հետո անձը լիովին անվճար կարող է օգտվել արևային բարիքներից»,-ասաց բանախոսը:ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տվյալներով` Հայաստանում առկա է ցանցին միացված 138 արևային կայան` 1.5 մեգավատ հզորության, ևս 38-ը կառուցվում են: Նախարարության գնահատականներով` մինչև տարեվերջ նախատեսվում է ունենալ ցանցին միացված 200 կայան:

Աղբյուր՝ Lragir.am