Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում: Արդեն իսկ մշակված այդ փոփոխությունները, ըստ հեղինակների, հնարավորություն են տալու ամռանն արտադրված արևային էներգիան կուտակել և սպառել ձմռանը․ գործող օրենքով՝ կուտակված էներգիան կարելի է սպառել միայն մեկ ամսվա ընթացքում: Մասնագետներն օրենքում կատարվելիք փոփոխությունները դրական են գնահատում: «Էկովիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության տնօրեն Տիգրան Օխանյանն ասում է․ «Դա մեզ հնարավորություն է տալիս օգտագործել արևային համակարգերը ջեռուցման համար: Նույնիսկ հաշվարկները ցույց են տալիս, որ դրանք մրցակցային են դառնում գազի սակագների համեմատ»: Արևային պանելներ արտադրող «Սոլարոն» ընկերության կոմերցիոն տնօրեն Էմմա Ալլախվերդյանն էլ նկատում է․ «500 կվտ-ը փոքր և միջին բիզնեսի ծախսերը և սպառումը բավարարելու համար բավականին լուրջ թիվ է, դա հնարավորություն կտա իրենց ծախսերը մեծ չափով կրճատել»:

Աղբյուրը՝ այստեղ։