SolarOn-ի համահիմնադիր, տեխնիկական տնօրեն Վահե Շարաֆյանի անդրադարձը

Իմ արտասահմանյան գործընկերները երբեմն հետաքրքրվում են, թե որքանով են բարենպաստ տեղական հայկական շուկայում աշխատելու պայմանները, չէ՞ որ մենք ամենայն հավանականությամբ պետք է պաշտպանված լինենք Հայաստանի օրենսդրությամբ որպես տեղական արտադրողներ, առավել ևս որպես միակ արտադրողը տվյալ պահին։

Երբ պատասխանում եմ, որ մենք ոչ միայն պաշտպանված չենք օրենսդրությամբ, այլև Հայաստանում գործող մաքսային սակագները և օրենսդրությունը խրախուսում են արտասահմանյան (տվյալ դեպքում մասնավորապես չինական) արտադրանքի ներկրումը և մեզ հնարավորություն չեն տալիս անգամ հավասար պայմաններում իրենց հետ մրցակցելու, տեսնում եմ, որ նրանց համար բավականին բարդ է դրան հավատալը, քանի որ արևային վահանակների բազմաթիվ եվրոպական արտադրողներ դադարեցրեցին իրենց գործունեությունը՝ չդիմանալով չինական արտադրողների հետ մրցակցությանը, թեև գտնվում էին շատ ավելի բարենպաստ պայմաններում, քան մենք։

Այդ իսկ պատճառով ես որոշեցի խոսել այս խնդրի մասին և ուզում եմ մանրամասնորեն ներկայացնել, թե ինչպիսի պայմաններում ենք մենք աշխատում: Ամեն ինչ այնպես, ինչպես կա իրականում:
Երբ 2017-ին նոր էինք պատրաստվում հիմնել Հայաստանում արևային վահանակների արտադրության գործարան, պարզվեց, որ արտերկրից ներմուծվող արտադրական բոլոր սարքավորումները ենթակա են մաքսատուրքերի, և ավելին, ենթակա են մաքսատուրքերի նաև արտադրության համար նախատեսված նյութերի մեծ մասը: Զարմանալի է, որ պատրաստի արևային վահանակները ենթակա չեն որևէ հարկի կամ ԱԱՀ-ի, երբ ներմուծվում են Հայաստանի տարածք: Մենք ստիպված էինք դիմել էկոնոմիկայի նախարարություն՝ սարքավորումների և հումքի ներմուծման համար արտոնություններ ստանալու համար: Ի զարմանս ինձ՝ արտոնություններ ստանալու համար անհրաժեշտ էր նշել ոչ միայն ներմուծվող ապրանքների անունները, այլև մատակարարի անունը, ներմուծվող նյութերի տեխնիկական բնութագրերը, դրանց քանակը, դրանց իրականացման ու գործարքի փակման ժամկետները: Վերջին պահանջը ինձ հատկապես «գրավեց»․ մի՞թե հիմնելով արտադրություն՝ պետք է մտածել, որ որոշ ժամանակ անց այն պետք է փակել, այսինքն՝ դադարել արտադրել և այդպիսով «փակել գործարքը»։ Բայց փաստը մնում է փաստ․ նախարարությունը տրամադրում է արտոնություններ միայն հստակ գործարքի և ոչ արդյունաբերության կամ գործունեության տեսակի համար: Իսկ ինչ վերաբերում է այն փաստին, որ մաքսային արտոնություններ ստանալու համար, պետք է նշել հստակ արտադրողի անունը և այն երկրիրը, որից պետք է ներկրվի, և սա այն դեպքում, երբ արևային վահանակների համար նյութեր են արտադրվում ամբողջ աշխարհով մեկ ցրված մի քանի հազար տարբեր ընկերությունների կողմից: Ի՞նչ անել, եթե որոշենք փոխել մատակարարին: Հանուն արդարության, պետք է ասել, որ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները մեծ հասկացողությամբ մոտեցան մեր հայցադիմումներին, բայց արտոնությունների տրամադրման սահմանված կարգը այնպիսին է, որ այն բացարձակապես հարմար չէ այն ընկերությունների համար, որոնք ներմուծված հումքից արտադրանք են ստեղծում: Այս ընթացակարգն ավելի հարմար է այն ընկերությունների համար, որոնք, օրինակ՝ շաքարավազ կամ բանան են ներմուծում հստակ մատակարարից, այն վաճառում տեղական շուկայում և դրանով իսկ փակում գործարքը: Մինչդեռ մենք, զբաղվելով արտադրությամբ, անընդհատ բաղադրիչների կարիք ունենք և չենք կարող կանխատեսել, թե որտեղ կգտնենք արտադրության համար այս կամ այն ​​նյութի հաջորդ խմբաքանակը: Բացի այդ, արտադրության տեխնոլոգիաները նույնպես փոխվում են, հայտնվում են լրիվ նոր հատկություններով նոր նյութեր և այլն: Այսպիսով, նույնիսկ որոշակի արտոնություններ ստանալուց հետո մենք շարունակում ենք մաքսատուրք վճարել ներմուծվող նյութերի զգալի մասի համար: ԱԱՀ-ի հարցը պարզվեց, որ ավելի բարդ է։ Քանի որ սահմանը հատելիս պատրաստի վահանակները ոչ միայն ենթակա չեն մաքսատուրքի, այլև ԱԱՀ-ի, որոշ ներմուծող ընկերություններ սովորաբար ներմուծում են վահանակներ վերջնական գնորդի անունով՝ երբեմն արտադրողի կողմից ստանալով միջնորդավճար, և դա ինքնաբերաբար դարձնում է ներմուծվող վահանակները 20% -ով ավելի էժան, քան մեր կողմից արտադրվող վահանակները:

Հաջորդ ակնհայտ անարդարությունը քաղաքապետարանների և պետական ​​այլ գերատեսչությունների կողմից հայտարարված մրցույթներն են՝ արևային էլեկտրակայանների կառուցման համար: Պետք է ասեմ, որ Հայաստանում անցկացվող մրցույթների կարգն ու բնույթը ընդհանրապես չի փոխվել և մնում է նույնը, ինչ նախորդ կառավարության օրոք: Կարդալով հայտարարված մրցույթների պայմանները՝ հասկանալի է դառնում, որ արդեն ընտրվել է հաղթողը, ով ունի համապատասխան վահանակներ, քանի որ վահանակների բոլոր բնութագրերն արդեն հայտարարվել են որպես պարտադիր այս մրցույթին մասնակցելու համար: Թվում է, թե ինչ կապ ունեն վահանակների Վոլտ-ամպերային բնութագրերը կամ դրանց երկրաչափական չափերը, երբ հայտարարվում է մրցույթ, ասենք, 100 կՎտ հզորությամբ արևային կայանի համար: Ի վերջո, այս հզորությունը և համապատասխան էներգիայի արտադրությունը կարող է ապահովվել գրեթե ցանկացած վահանակների միջոցով: Այնուամենայնիվ, պայմաններում նշվում են միանգամայն առանձնահատուկ բնութագրեր, որոնց միջոցով ցանկության դեպքում կարելի է պարզել, թե որ արտադրողն է դրանք արտադրում, և երբեմն պարզ է դառնում, թե որ հայկական ընկերությունն է ներմուծում դրանք: Առանձին հարց է վկայագիրը (սերտիֆիկատ): Գրեթե բոլոր մրցույթներում նախապայման է վահանակի վրա եվրոպական վկայագրերի առկայությունը: Իհարկե, մենք նույպես հետաքրքրված ենք, որ մեր վահանակները ունենան եվրոպական վկայագրեր և արտահանվեն Եվրոպա, և ներկայումս մենք արդեն իսկ գտնվում ենք սերտիֆիկացման փուլում, բայց, այնուամենայնիվ, ինչու՞ են հայկական պետական ​​ձեռնարկությունները պահանջում հենց եվրոպական վկայականներ, և ոչ թե, ասենք, եվրասիական: Վերջինս մենք ունենք արդեն երկար ժամանակ: Ի վերջո, Եվրասիական միության և ոչ թե Եվրոպական Միության անդամ լինելը Հայաստանի իշխանությունների որոշումն է, և ոչ թե մեր, ի դեպ, անձամբ ինձ Եվրամիությունը շատ ավելի է դուր գալիս, քան եվրասիականը: Ինչու՞ է մեր կառավարությունն այդքան ոչ հետևորդական իր ընտրության հարցում: Ես պարզապես փաստն եմ արձանագրում։ Երբեմն մեզ ասում են, որ որոշ նախագծեր ֆինանսավորվում են եվրոպական կառույցների կողմից, և այդ պատճառով մրցույթին մասնակցելու համար սարքավորումները պետք է ունենան եվրոպական վկայականներ: Բայց ներողություն, նախագիծն իրականացվում է Հայաստանում և ոչ Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, և, հետևաբար, կարգավորող նորմերը նույնպես պետք է լինի տեղական (կարդացեք եվրասիական) և ոչ եվրոպական կամ ամերիկյան: Եվս մեկ անգամ կրկնում եմ, անձամբ ես եվրոպական նորմերը ավելի եմ սիրում, քան եվրասիականը, ուղղակի ուշադրություն եմ հրավիրում նման պահանջների ոչ տրամաբանական լինելու վրա: Ընդհանրապես հայտարարված մրցույթների պայմաններում կան բազմաթիվ սխալներ և անհեթեթություններ, որոնք ապացուցում են, որ մարդիկ, ովքեր կազմում են այդ պայմանները, շատ հեռու են ֆոտովոլտայիկայից և ընդհանրապես արևային էներգիայի ոլորտից: Օրինակ՝ մրցույթի պայմաններում կարող եք գտնել այնպիսի արտահայտություն, որ վահանակները պետք է ունենան ISO9001 վկայագիր (սերտիֆիկատ), ինչը ակնհայտ անհեթեթություն է․ վահանակները ոչ մի դեպքում չեն կարող ունենալ նման վկայագիր, ինչպես նաև աշխարհում ոչ մի այլ ապրանք չի կարող ունենալ նման վկայագիր, քանի որ սա «որակի կառավարման համակարգի» ստանդարտ է և վերաբերում է ընկերությունների գրասենյակային աշխատանքի համակարգին և որևէ առնչություն չունի ապրանքների որակի և այլ հատկությունների հետ: Ժամանակին եվրոպական սերտիֆիկացման TUV կենտրոնը նշեց, որ այս ստանդարտը չի կարող նշվել վահանակների պիտակների վրա, և մենք, ունենալով այդ վկայագիրը (սերտիֆիկատը), ստիպված ենք եղել կատարել այդ պահանջը: Դժբախտաբար, մրցույթների պայմաններում առկա անհեթեթությունների այս ցանկը կարելի է անվերջ շարունակել։

Եզրափակելով խոսքը՝ ես կցանկանայի նշել, որ մենք ոչ մի դեպքում կողմնակից չենք պատրաստի վահանակներ ներմուծողների գործունեությունը խոչընդոտելուն, մենք պարզապես ուզում ենք հավասար պայմաններում մրցակցել նրանց հետ, իսկ թե ինչպես է պետք դրան հասնել, պետք է որոշի կառավարությունը:

աղբյուրը՝ այստեղ