Արցախն արևային էներգիայի ոլորտը զարգացնելու լուրջ պոտենցիալ ունի: Այս  մասին  «Արցախպրես»-ի   թղթակցի     հետ  զրույցում  ասել  է  Արցախի  Հանրապետության  էկոնոմիկայի փոխնախարար  Տիգրան Գաբրիելյանը: «Վարչապետը հստակ հանձնարարական է տվել՝ սահմանել ժամանակացույց: Վեցամսյա ժամկետում պետք է մեր մասնագետներն ուսումանսիրեն արևային էներգիայի ոլորտի հնարավորությունները: Ներկայում այդ փուլում ենք, ուսումնաիրություններն ավարտելուց հետո կներկայացնենք կոնկրետ առաջարկներ արևային էներգիայի ոլորտը զարգացնելու համար»,-  ասել   է  Տ. Գաբրիելյանը  և  նշել, որ  Արցախն արևային էներգիայի ոլորտը զարգացնելու լուրջ պոտենցիալ ունի: Էկոնոմիկայի   փոխնախարարի  խոսքով՝   այժմ քարտեզագրման աշխատանքներն են իրականացվում, տարածքներ են առանձնացվում:

«Ուսումնասիրություններն ավելի կոնկրետ ցույց կտան, թե որ հատվածներում կարող ենք արևային կայաններ տեղադրել: Համոզված եմ, որ բավական մեծ  հնարավորություններ կան ոլորտի զարգացման համար: Ոլորտով հետաքրքվող ներդրողներ կան: Նրանց կոնկրետ հաշվարկներ պետք է ներկայացվեն: Հետևաբար ուսումնասիրություններն ավարտելուց հետո Արցախի կառավարությունը թիրախավորված կաշխատի ներդրողների հետ: Նախարարությունն առաջնային է համարում նաև արևային էներգիայի կարևորության հետ կապված բնակչության հետ աշխատանքը: Այդ ուղղությամբ տեղեկատվական բնույթի աշխատանքներ տարվում են, ու դրանք շարունակվում են: Վարչապետը հանձնարարել է նաև Քաղաքաշինության նախարարությանն ուսումնասիրել նորակառույց շենքերի տանիքներին արևային էներգիա ստանալու համար նախատեսված սարքավորումները տեղադրելու հնարավորությունները: Բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր  կամ ­ հոկտեմբեր  ամիսներին»,-ավելացրել  է  Տ.  Գաբրիելյանը: