2019թ-ին Հայաստանը կսկսի կազմել արևային էներգիայի նոր քարտեզ։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց, որ Համաշխարհային բանկն արդեն հավանություն է տվել կառավարության դրամաշնորհային հայտին։
Մի քանի տարի առաջ Հայաստանում կազմել էին արևային էներգիայի քարտեզը՝ կրկին ՀՄ օգնությամբ։ Այնտեղ նշված է, թե որքան ուժեղ է արևի ճառագայթումը երկրի մարզերում։ Իմանալով այդ մասին՝ կարելի է հաշվարկել ապագա կայանի հզորությունը։ «Հիմա մենք կլրացնենք այդ քարտեզը։ Առայժմ քարտեզի վրա նշված են կայանների հեռանկարային կետերը, իսկ մենք տեղեկություններ կավելացնենք այն մասին, թե այդ կետերից ինչ հեռավորության վրա են գտնվում էլեկտրահաղորդման լարերը և ինչ լարվածություն ունեն դրանք։ Այսինքն մենք կկազմենք գրեթե պատրաստի տեխնիկական պայմաններ կայանների համար», – նշեց Վարդանյանը։ Ծրագիրը կսկսվի 2019թ-ին և կտևի մի քանի տարի։ Համաշխարհային բանկը դրա համար կհատկացնի 4 միլիոն դոլար։
Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն սկսել են իրականացնել 1 ՄՎտ հզորությամբ արևային 10 կայանների շինարարությունը։
