Հայաստանում կարտադրվեն արեւային վահանակներ. արտադրությունը կսկսվի առաջիկա ամիսներին

Հայաստանում շուտով կարտադրվեն առաջին արեւային վահանակները։ Այդ նպատակով կստեղծվի արտադրական ձեռնարկություն, որը եզակի կլինի մեր տարածաշրջանում։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, արեւային վահանակների արտադրությունը Հայաստանում կսկսվի արդեն այս տարվա երկրորդ եռամսյակում։ Այդ նպատակով առաջին փուլում կիրականացվի շուրջ  315 մլն դրամի  ներդրում, որի շրջանակներում կստեղծվի ավելի քան 50 աշխատատեղ։

Ընկերությունը մտադիր է սկզբնական շրջանում արեւային վահանակներ  մատակարարել ներքին շուկային։ Հաջորդ փուլերում դրանք կարտահանվեն նաեւ տարածաշրջանային եւ այլ երկրներ։

Հիշեցնենք, որ արեւային վահանակների արտադրության նպատակով, փետրվարի 23-ին կայացած նիստում կառավարությունը որոշեց «ՊՐՈՖՊԱՆԵԼ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը  իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ազատել մաքսատուրքից՝ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ նյութերի ներմուծման համար: