Էներգիան կենտրոնական նշանակություն ունի ժամանակակից մարդու կենսագործունեության և պետությունների զարգացման գրեթե բոլոր ոլորտների, նպատակների և խնդիրների համար: Լինեն աշխատատեղերը, անվտանգությունը, կլիմայի փոփոխությունը, սննդամթերքի արտադրությունը, թե` եկամուտների ավելացումը՝ էներգիայի աղբյուրների հասանելիությունը բոլորի համար որոշիչ գործոն է: Կայուն էներգետիկան անհրաժեշտ է տնտեսական զարգացման, էկոհամակարգերի պահպանության և արդարության հաստատման հարցերում` անգամ:
ԱՄՆ էներգետիկ ինֆորմացիոն գործակալության տվյալների համաձայն՝ 2006-2030 թվականներին օգտագործվող էլեկտրաէներգիայի ծավալները կաճեն 44 տոկոսով: Բայց միայն թույլ զարգացած կամ զարգացող երկրներում չէ, որ էլեկտրաէներգիայի սպառումը սրընթաց աճ կարձանագրի. կապված էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմոբիլների սեկտորի զարգացման, տեխնոլոգիական առաջընթացի հետ՝ զարգացած երկրները ևս էական ավանդ կունենան էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկի մեծացման հարցում: Վերլուծաբանները կանխատեսում են, որ մինչև 2050 թվականը համաշխարհային էներգիայի պահանջարկը կմեծանա 1,5 անգամ՝ ընդհանուր առմամբ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի պահանջարկը կկրկնապատկվի:

Համաշխարհային էներգետիկ շուկայի հետագա աճի հիմնական կատալիզատորը կդառնա զարգացող երկրներում էլեկտրաէներգիայի սպառման շարունակական աճը՝ կապված տնտեսական զարգացման հետ: Բացի այդ՝ կանխատեսվում է, որ մոլորակի բնակչությունը մինչև 2050 թվականը կաճի ևս 1,7 միլիարդով, ինչը նույնպես կհանգեցնի էներգիայի մեծ պահանջարկի: Այս ամենի արդյունքում կանխատեսվում է, որ էներգակիրների գները գնալով կբարձրանան:

ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրի համատեքստում ընդունվել են համապատասխան նպատակներ, որոնցից 7-րդը վերաբերում է կոնկրետ էներգետիկայի ոլորտին և կոչվում «Բոլորի համար համընդհանուր հասանելիության ապահովում մատչելի, ապահով, կայուն և ժամանակակից էներգիայի աղբյուրներին»: Այս նպատակին հասնելու համար ՄԱԿ-ը սահմանել է նպատակակետեր, որոնք բավականին տպավորիչ են: Մասնավորապես՝

• մինչև 2030 թվականն ապահովել մատչելի, կայուն և ժամանակակից էներգամատակարարման համընդհանուր հասանելիություն,
• մինչև 2030 թվականը համաշխարհային էներգետիկ բալանսի մեջ էականորեն ավելացնել վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայի մասնաբաժինը,
• մինչև 2030 թվականը կրկնապատկել էներգաարդյունավետության բարձրացման ցուցանիշը,
• մինչև 2030 թվականն ակտիվացնել էկոլոգիապես մաքուր էներգետիկայի ոլորտում հասանելիության բարձրացման և ուսումնասիրությունների խթանման ՝ ներառյալ վերականգնվող էներգետիկայի, էներգաարդյունավետության բարձրացման և հանածո էներգակիրների օգտագործման առաջադեմ՝ ավելի մաքուր տեխնոլոգիաների կիրառման հարցում միջազգային համագործակցությունը և խթանել էներգետիկ ենթակառուցվածքների և էկոլոգիապես մաքուր էներգիայի ստացման համակարգերում ներդրումների աճը,
• մինչև 2030 թվականը բոլոր զարգացող երկրներում ընդլայնել և արդիականացնել ժամանակակից և կայուն էներգամատակարարման ենթակառուցվածքներն ու տեխնոլոգիաները, մասնավորապես՝ թույլ զարգացած երկրներում, զարգացող մանր կղզի-պետություններում և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներում՝ հաշվի առնելով դրանց համապատասխան աջակցության ծրագրերը:

Այս համատեքստում համաշխարհային հանրությունը հույսը դնում է վերականգնվող աղբյուրներից էներգիայի ստացման տեխնոլոգիաների զարգացման վրա: Բայց, միևնույն ժամանակ, պետությունների էներգետիկ քաղաքականությունը պետք է լինի կշռադատված ու հավասարակշռված, որ էներգիայի պահանջարկը չգերիշխի գլոբալ կլիմայական փոփոխությունների և շրջակա միջավայրի աղտոտվածության հարցերի նկատմամբ:

Հայաստան՝ կայուն և հուսալի էներգահամակարգ՝ զարգացման էլ ավելի մեծ պոտենցիալով

Ըստ մեր ռազմավարության և ռազմավարական ծրագրերի` ՀՀ էներգետիկան ունի 4 հենասյուն`
1. անվտանգ և հուսալի էներգամատակարարում,
2. արտադրվող հզորությունների զարգացում, 3. ներքին՝ վերականգնվող ռեսուրսների առավելագույն օգտագործում,
4. տարածաշրջանային ինտեգրում կամ էներգահամակարգի դիվերսիֆիկացում:
Հայաստանը պարտավոր է հետևել համաշխարհային այս տենդենցներին, քանի որ մենք հարուստ չենք ածխաջրածինների պաշարներով, չունենք ծով և ստիպված ենք օգտագործել ատոմային ու գազատուրբիններից ստացվող ջերմային էներգիան: Իսկ մեր տնտեսական կայուն զարգացման համար նույնպես անհրաժեշտ է էներգիա, որի կարևորությունը մենք գիտենք ոչ թե գիտնականների խոսքերից կամ միջազգային կառույցների զեկույցներից, այլ զգացել ենք մեր մաշկի վրա 1990-ականների էներգետիկ ճգնաժամի ժամանակ:

Ներկայումս Հայաստանը գրեթե ամբողջությամբ էլեկտրաֆիկացված ու գազիֆիկացված է, իսկ մեր երկրի էներգետիկան` բալանսավորված: Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի 99,9 տոկոս հասանելիություն, իսկ գազիֆիկացման առումով՝ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է 96-97 տոկոս գազիֆիկացման սանդղակի վրա:


Դիտարկենք մեր էներգաբալանսը

Անգամ հպանցիկ հայացք նետելով մեր էներգահամակարգին` պարզ է դառնում, որ մեր երկրում արտադրվող ու սպառվող էներգիայի ճնշող մեծամասնությունը՝ 50-60 տոկոսը, բաժին է հասնում վառելիքից՝ գազին ու ատոմակայանի վառելիքից ստացվող էներգիային, որոնք ներկրվում են, հիմնականում` Ռուսաստանի Դաշնությունից: Իսկ եթե դիտարկենք ընդհանուր էներգակիրները՝ բնական գազ, բենզին, դիզելային վառելիք, կերոսին և այլն, ապա ընդհանուր էներգաբալանսի մեջ ներկրվող էներգակիրների չափազանց մեծ բաժինը մտածելու տեղիք է տալիս: Ամեն դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ համակարգը համարվում է կայուն, բավականին հուսալի, զարգացած և համաշխարհային առաջատարներից է:

Մեր էներգահամակարգի կայունությունը, բալանսավորվածությունն ու հուսալիությունը առաջին հայացքից կարող են տպավորություն ստեղծել, թե էներգետիկայի առումով համաշխարհային խնդիրները մեզ չեն առնչվում, բայց այդպես չէ: Նախ՝ էներգիայի սպառումը ոչ միայն աշխարհում, այլ նաև Հայաստանում ունի աճի միտում: Պահանջարկի ավելացման պատճառներն օբյեկտիվ են՝ օր օրի զարգանում են տեխնոլոգիաները, օր օրի մարդն իր կենցաղում սկսում է օգտագործել նորանոր սարքեր ու սարքավորումներ, կենցաղի իրեր, որոնք էներգիա են պահանջում: Օրինակ՝ եթե 20-30 տարի առաջ մարդիկ Հայաստանում չունեին բջջային հեռախոսներ, համակարգիչներ, չէին օգտագործում ինտերնետ, աման լվանալու սարքեր, սառցարաններ, օդորակիչներ և այլն, ապա այսօր դժվար է պատկերացնել մարդու, որը չունի բջջային հեռախոս, երբեմն անգամ` մի քանիսը: Ավելորդ է խոսել ընտանիքներում օգտագործվող համակարգիչների, կենցաղային տեխնիկայի և այլնի մասին: Իսկ այս ամենը, բնականաբար, էլ ավելի է մեծացնում էներգիայի պահանջարկը: Բացի այդ` մենք պետք է զարգացնենք մեր տնտեսությունը, իսկ տնտեսությունը զարգացնել առանց էներգիայի պարզապես անհնար է: Հետևաբար, կանխատեսելի է, որ մեր էներգասպառումը գնալով ավելանալու է: Սակագները նույնպես, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, գնալով աճում են:
Հայաստանի էներգետիկ համակարգն աչքի է ընկնում կայունությամբ և հուսալիությամբ
Էներգետիկայի բալանսավորվածությամբ, էլեկտրաֆիկացիայի և գազիֆիկացիայի առումով Հայաստանը համարվում է աշխարհի առաջատարներից:
Բացի այդ` մենք պետք է զարգացնենք մեր տնտեսությունը, իսկ տնտեսությունը զարգացնել առանց էներգիայի պարզապես անհնար է: Հետևաբար, կանխատեսելի է, որ մեր էներգասպառումը գնալով ավելանալու է: Սակագները նույնպես, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, գնալով աճում են:


Մասնագետները պնդում են, որ պահանջարկի աճը զուգորդվելու է նաև սակագների աճով: Եթե դիտարկենք թեկուզ միայն ազգաբնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագները, ապա այստեղ պարզ է, որ վերջին 20 տարիների ընթացքում այն մոտավորապես կրկնակի թանկացել է: Իսկ դա վառելիքաէներգետիկ ռեսուրսներով աղքատ Հայաստանին պետք է հուշի՝ զարկ տալ ու զարգացնել, և հնարավորինս` արագ, էներգետիկայի ոլորտը՝ ենթակառուցվածքները, արտադրվող հզորությունները, շուկան և այլն:

Հետևաբար, պետք է մտածել, թե ինչ ռեսուրսների շնորհիվ կարելի է փոքրացնել մեր կախվածությունը ներկրվող էներգառեսուրսներից. Այդ ռեսուրսները վերականգնվող կամ այլընտրանքային կոչվող ռեսուրսներն են:


Վերականգնվող էներգետիկա

Դերն ու նշանակությունը Հայաստանի համար

Հայաստանը զուրկ է հանածո էներգակիրների պաշարներից, բայց փոխարենը Հայաստանի բնությունը շռայլ է այլընտրանքային համարվող էներգետիկ ռեսուրսների առումով՝ քամի, արև, ջուր: Հայաստանը վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտում բավականին մեծ ներուժ ունի, իսկ մեր երկրի չափազանց մեծ կախվածությունը ներկրվող էներգակիրներից, և էներգետիկ խնդիրներն արդիական ու ավելին՝ հրամայական են դարձնում վերականգնվող էներգետիկայի զարգացումը Հայաստանում, քանի որ ներկրվող էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու ելքը մասնագետները տեսնում են նաև այլընտրանքային աղբյուրների օգտագործմամբ վերականգնվող էներգիա ստանալու մեջ:

Վերականգնվող էներգիա` նշանակում է էներգիա՝ ստացված վերականգնվող՝ ոչ հանածո աղբյուրներից՝ արևի լույսից, ջրային հոսանքներից, քամուց, ծովի ջրերի հոսանքից, հիդրոթերմալ աղբյուրներից և այլն։
Վերականգնվող էներգետիկան ունի մի քանի տարատեսակներ՝ հիդրոէներգետիկա, արևային էներգետիկա, հողմային էներգետիկա, երկրաջերմային էներգետիկա, կենսազանգվածի վրա հիմնված էներգետիկա և ծովի ալիքներից ստացվող էներգիա: Միանգամից նշենք, որ ծովի ալիքների էներգիան օգտագործելու հնարավորություն, բնականաբար, Հայաստանը չունի, քանի որ ծովային երկիր չէ: Բայց մյուս ռեսուրսները Հայաստանի համար հասանելի են:

Այստեղ պետք է ուշադրություն դարձնել նաև սակագներին: Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները որոշվում են միջին կշռութային հաշվարկման եղանակով: Եթե փորձենք ավելի պարզ ասել, ապա մեզ մոտ էլեկտրաէներգիա արտադրող տարբեր տեսակի ու չափի կայաններն արտադրում են էլեկտրաէներգիա տարբեր սակագներով, դրանք առաքում համակարգ, որտեղ արդեն գումարվում են կորուստները, ցանցերի մարժան, տարբեր ծառայությունների գները և բոլոր ծախսերը, և որոշվում է վերջնական միջին կշռութային սակագինը:
ԷՑ-ի կողմից բաժանորդներին վաճառքի սակագները

Եվ, բնականաբար, այս դեպքում, երբ սա համադրում ենք մեր երկրի էներգաբալանսի հետ, որտեղ էներգիայի ստացման ամենամեծ աղբյուրներից են ՋԷԿ-երը, որոնք ունեն ամենաթանկ էլեկտրաէներգիան, ապա որքան այդ աղբյուրից ստացվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը մեծ լինի ընդհանուր էլեկտրաէներգետիկ բալանսի մեջ, այնքան վերջնական սակագինը կլինի բարձր, և հակառակը: Ուստի այս առումով ևս խիստ կարևոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի համեմատաբար թանկ էլեկտրաէներգիայի մասնաբաժինը փոքրացվի՝ փոխարինվելով ավելի էժանով և հնարավորինս` ներքին ռեսուրսներից ստացվող էներգիայով: Բայց դրանից բացի՝ Հայաստանը պարտավոր է լինել կլիմայի փոփոխությունների հետևանքների մեղմման գլոբալ միջոցառումների մասնակից, որովհետև եթե աշխարհում ջերմոցային գազերի արտանետումների միայն 60 տոկոսն է բաժին հասնում էներգետիկային, ապա մեր երկրում, ըստ ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի ուսումնասիրությունների, 70 տոկոս ջերմոցային գազերի արտանետումներն են բաժին հասնում էներգետիկայի ոլորտին, իսկ Հայաստանը, ստորագրելով Փարիզի կոնվենցիան, ստանձնել է պարտավորություններ՝ մինչև 2050 թվականը նվազեցնել իր ջերմոցային գազերի արտանետումների տեսակարար կշիռը:

Վերականգնվող էներգետիկան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի
Ոլորտի պատասխանատուները, մասնավոր ու հանրային սեկտորների, միջազգային կառույցների ներկայացուցիչները՝ բոլորն են կարևորում վերականգնվող էներգետիկայի դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար:

Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ամենաիրացված ռեսուրսը հիդրոէներգետիկան է, քանի որ ՀԷԿ-երի կառուցման տեխնոլոգիաներն են մեզ ավելի հասանելի ու էժան եղել: Առավել ևս վերջին 20-ամյակում Հաայտանում դիտվեց փոքր ՀԷԿ-երի մեծ բում: Եվ քանի որ այստեղ ներդրումներ ավելի քիչ են պահանջվում, վերջնական արդյունքի սակագներն էլ ստացվում են ավելի մատչելի, քան ավելի գիտատար ու տեխնոլոգիական լուծումներ պահանջող մյուս ճյուղերի՝ արևային, հողմային, երկրաջերմային, բիոմասսայի վրա հիմնված էներգետիկայի դեպքում: Ուստի Հայաստանում վերջին 15 տարիներին այն միանգամից ու բուռն զարգացում ունեցավ:
1998-2003թթ.. ժամանակահատվածում`6 տարվա ընթացքում գործարկվել է 17 փոքր ՀԷԿ
(ՄԻՋԻՆՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ 3 ՓՀԷԿ):

2004-2018թթ.. ժամանակահատվածում`15 տարվա ընթացքում գործարկվել է 171 փոքր ՀԷԿ
(ՄԻՋԻՆՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ 11 ՓՀԷԿ):

Հիդրոէներգետիկ ռեսուրսն էլ, ըստ մասնագետների, արդեն համարյա ամբողջությամբ իրացված է, հետևաբար, մնում է զարգացնել այն ռեսուրսները, որոնք ընդունված է անվանել վերականգնվող էներգետիկ ռեսուրներ: Հայաստանի դեպքում դրանք հիմնականում արևային, հողմային, երկրաջերմային ու բիովառելիքի վրա հիմնված ռեսուրսներն են: Ուստի մենք պետք է զարգացնենք այդ ռեսուրսը, նախևառաջ՝ մեր երկրի էներգետիկ անկախությունը մեծացնելու, հետևաբար` քաղաքական անկախությունն ամրապնդելու, տնտեսության կայուն ու շարունակական աճն ապահովելու, ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացման, գիտելիքահենք ու գիտատար տեխնոլոգիաներ մեր երկրում ներդնելու և այդ տեխնոլոգիաների զարգացման գիտական կարողությունները զարգացնելու և մի շարք այլ տեսանկյուններից: Այստեղ պարզապես հիշենք, որ երկրաջերմային էներգետիկայի պոտենցիալը Հայաստանում դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չէ, ինչպես նաև այս ուղղությամբ բավականին մեծ ներդրումներ են պահանջվում, ինչը ավելի հետագայի հարցերի շարք է տանում այս ուղղությունը: Նույնը կարելի է ասել կենսազանգվածի վրա հիմնված էներգետիկայի մասին, թեև որոշ միջազգային ծրագրերով այս ուղղությամբ որոշ փորձեր արվել են: Այնուամենայնիվ, ներկայումս Հայաստանում առավել մեծ ուշադրության կենտրոնում են հողմային ու հատկապես՝ արևային էներգետիկայի ուղղությունները:
Հայաստանի հողմային պոտենցիալը
Հազարավոր տարիներ մարդն իր կենսագործունեության ընթացքում ծառայեցրել է քամու էներգիան: Քամու էներգիայի միջոցով մարդիկ նավարկել են առագաստանավերով, աշխատեցրել են հողմաղացներ, օգտագործել են քամու ուժը սպորտային նպատակների համար: Բայց քամու ամենամեծ ներուժը, ըստ մասնագետների, այլընտրանքային էներգետիկայի ոլորտում է, որը թույլ է տալիս քամու էներգիան վերածել էլեկտրաէներգիայի, ինչն առավել անվտանգ է, անսպառ, էկոլոգիապես անհամեմատ ավելի մաքուր, չի աղտոտում շրջակա միջավայրը: Հողմային էներգիան բավարարում է Դանիայում անհրաժեշտ էներգիայի 20 տոկոսը, Գերմանիայում՝ 7, և Իսպանիայում՝ 11 տոկոսը:
Էներգետիկայի այս ուղղությունը Հայաստանում հեռանկարային է համարվում Զոդի լեռնանցքի, Բազումի լեռների՝ Քարախաչի և Պուշկինի լեռնանցքների, Ջաջուռի լեռնանցքի, Գեղամա լեռների շրջանի, Սևանի լեռնանցքի, Ապարանի շրջանի, Սիսիանի և Գորիսի միջև գտնվող բարձունքային գոտու և Մեղրիի շրջանի տարածքներում:

Ստորև ներկայացնենք Հայաստանի հողմային քարտեզները
Քարտեզները մեզ է տրամադրել Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամը

Հայաստանում առաջին արդյունաբերական հողմակայանը կառուցվել է 2006թ.-ին Պուշկինի լեռնանցքում՝ 2,6 ՄՎտ հզորությամբ: Էներգետիկայի այս ճյուղի զարգացման հիմնական խոչընդոտը կայանների կառուցման մեծ ծախսատարությունն է, քանի որ Հայաստանում հողմակայանների կառուցման համար առավել նպաստավոր տեղանքները գտնվում են բարձր լեռնային գոտիներում, որտեղ հասնելը, լոգիստիկ խնդիրները էականորեն դժվարացնում ու թանկացնում են ներդրումներն այս ուղղությամբ: Այնուամենայնիվ, Հայաստանում կազմվել է նաև հողմային քարտեզ, խիստ մոտավորապես որոշվել է հողմային էներգետիկայի պոտենցիալը:
Կցանկանայինք հատուկ կանգ առնել Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի վրա:
Արևային էներգետիկա.
Հայաստանի արևաշող հարստությունը
Արևային էներգիան համարվում է էներգիայի ամենամաքուր աղբյուրներից մեկը: Եվ երկրորդ՝ արևային էներգետիկան Հայաստանում դարձել է բավականին հրապուրիչ ու շահավետ և հատկապես վերջին 2 տարիներին մեծ զարգացում է ապրում:
Ըստ կանխատեսումների՝ 2028թ. արևային էներգիան կդառնա այնքան էժան ու տարածված, որ կկարողանա բավարարել մարդու էներգետիկ բոլոր կարիքները: Այսօր արդեն կան երկրներ, որտեղ տուն կառուցելիս արևային տեխնոլոգիաները պարտադիր ու պետության կողմից խրախուսելի պայման են: Գերմանիան՝ կիրառման առաջատարը, պլանավորել է մինչև 2050 թվականն իր երկրի էլեկտրաէներգիայի պահանջի առնվազն 80 տոկոսն ապահովել վերականգնվող էներգիայի միջոցով, որի զգալի մասը նախատեսվում է ստանալ արևային էներգիայի միջոցով: Հաշվարկված է, որ արևային էներգիան ունի այնքան պոտենցիալ, որ մեր մոլորակի մակերեսի 2 տոկոսը կարող է ապահովել ամբողջ մոլորակի էներգետիկ պահանջի 10 տոկոսը: Վերջին 10 տարիների ընթացքում զարգացած երկրներում արևային էներգիայի կիրառումն աճել է ավելի քան 4 անգամ՝ ապահովելով էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ 40 տոկոսը:

Ըստ չափումների՝ պարզվել է, որ Հայաստանում 1ք.մ մակերեսի վրա տարեկան միջինը մոտ 1700 կՎտժ էլեկտրաէներգիա կարող է արտադրվել, դա մոտ կրկնակի ավելի է եվրոպական միջին ցուցանիշներից, քանի որ այնտեղ միջինը մոտենում է 1000 կՎտժ-ին:
Բացի այդ` Հայաստանի մոտ 25 տոկոսն օժտված է արևային էներգիայի բավականին մեծ պոտենցիալով, ինչը գրավիչ է դարձնում այս համակարգերի կիրառումը կյանքում՝ առօրյա կենցաղային խնդիրները լուծելու, տաք ջրի ստացման, բիզնեսներում՝ սեփական կարիքները մասամբ կամ ամբողջովին բավարարելու համար, ինչպես նաև ոլորտն արդեն դարձել է նաև շահավետ արևային ֆոտովոլտային կայաններում էլեկտրաէներգիայի արտադրության բիզնես վարելու տեսանկյունից: Առավել ևս, որ մեր երկրում այս ոլորտը համարվեց գերակա, ստեղծվեց օրենսդրական և իրավական կարգավորումների մի ամբողջական փաթեթ, որպեսզի մարդիկ կարողանան ազատորեն կիրառել այս տեխնոլոգիաները:

Արևային քարտեզները հուշում են, թե մեր երկիրը որքան հարուստ է արևի էներգիայով
Այս քարտեզները ևս մեզ է տրամադրել Հայաստանի վերականգնվող
էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը

Հայաստանում իրականացված քաղաքականության արդյունքներն իրենց սպասեցնել չտվեցին, և արձանագրված ցուցանիշները բավականին խոսուն են: Հիմա արևային ֆոտովոլտային կայանները կամ արևային ջրատաքացուցիչներն այլևս հեքիաթի ժանրից թվացող ճոխություն չեն, գնալով դրանց տարածումն ու կիրառությունն ավելի է մեծանում Հայաստանում, օրեցօր ավելանում են նոր արտադրող ֆոտովոլտային կայաններ: Արևային ֆոտովոլտային կայանները, ըստ ՀՀ-ում տեղակայված հզորությունների և կարգավորման դաշտի, պայմանականորեն կարելի է բաժանել հետևյալ խմբերի`

* արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններ,
* մինչև 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ՖՎ կայաններ,
* մինչև 1 ՄՎտ հզորությամբ արևային ՖՎ կայաններ,
* մինչև 500 կՎտ հզորությամբ արևային ՖՎ կայաններ՝ ինքնավար էներգաարտադրողներ:

Հայաստանում արդեն իսկ գործում են արդյունաերական նշանակության մինչև 1ՄՎտ հզորությամբ 10 կայաններ: Բայց դրանցից բացի, վերջին 2-3 տարիների ընթացքում բուռն զարգացում ապրեց մինչև 500 կՎտ հզորությամբ՝ սեփական կարիքների բավարարման համար կառուցված ինքնավար արևային ֆոտովոլտային կայանների ուղղությունը.


Հայաստանում արևային համակարգերի զարգացմանը նպաստեցին մի քանի կարևոր հանգամանքներ: Առաջինը օրենսդրական ու վարչարարական կարգավորումներն են և այս համատեքստում՝ ինքնավար էներգաարտադրողի ինստիտուտի ներդրման խթանումը: Ինքնավար կայանները բավականին տարածված են արտասահմանում: Այս ինստիտուտի գլխավոր նպատակներից մեկը ցանցի հզորությունների բաշխումը՝ հավասարեցումն է, այսինքն՝ հեռու հատվածներում փոքր հզորությունների կառուցումը հնարավորություն է ստեղծում անհրաժեշտ էլեկտրաէներգիան չտեղափոխելու հզոր կենտրոններից, ինչը հանգեցնում է կորուստների նվազեցման: Այս դեպքում արդեն հնարավոր է դառնում էլեկտրահաղորդման ավելի փոքր գծեր կառուցել, քանի որ էլեկտրաէներգիան տեղում է սպառվում, ինչպես նաև քաղաքացիները հնարվորություն են ունենում խնայելու և կառավարելու իրենց էներգիայի սպառումը:

Արևային էներգիան կիսով չափ լրացնում է այս պանրագործարանի էլեկտրաէներգիայի պահանջարկը
Ինչո՞ւ չկիրառել արևային էներգիան սեփական փոքրիկ բիզնեսում, ինչպես այս շրջիկ սրճարանի տերը, ով իր գործունեության համար անհրաժեշտ ամբողջ էլեկտրաէներգիան ստանում է արևից:
Հատկապես սեփական տների տանիքներին արդեն ավելի հաճախ լկարելի է հանդիպել արևային համակարգերի՝ նույնիսկ ամենաանսպասելի ու «թաքուն» անկյուններում:
«Մուսալեռ» հյուրանոցա-ռեստորանային համալիրն այսօր արդեն մտածում է վաղն ավելի մրցունակ լինելու մասին՝ այլընտրանքային աղբյուրներից սեփական էլեկտրաէներգետիկ կարիքները բավարարելու միջոցով:
Հայաստանի չգազաֆիկացված բազմաթիվ համայնքներում արդեն նման արևային համակարգերը սկսում են համատարած երևույթ դառնալ. Սա Լուսաշող գյուղն է:
Լուսաշող. գեղեցիկ համայնապատկեր՝ արևային համակարգերի ու խնամքով մշակված այգու հետաքրքիր համադրությամբ:
Չգազաֆիկացված, բայց հելիոֆիկացված համայնքներում նման պատկերները համատարած են:
Այս տանն էլ այլևս տաք ջրի խնդիր չկա:
Շաղափ գյուղի բնակիչ Նշանը, իր տան արևային ջրատաքացուցիչը ցույց տալով, կատակում է՝ «շատ-շատ լավն է, մենակ պիտի ջուր լցնես ու հասցնես էդքան լողանալ»:
Հին և ժամանակակից տեխնոլոգիաների այսպիսի համադրություն:
Հայաստանի լեռների ֆոնին արևային համակարգերը, բացի օգտակար լինելուց, նաև գեղեցիկ են դիտվում:

Արդեն 2015 թվականից սահմանված է, որ ինքնավար կայաններում արտադրվող և ցանցեր առաքվող էլեկտրաէներգիան չի հարկվում, նաև սահմանված է, որ քաղաքացիներն իրենց կարիքները հոգալու համար կարող են տեղադրել մինչև 150 կՎտ-անոց, իսկ տնտեսվարողները՝ մինչև 500 կՎտ-անոց ինքնավար կայաններ, ինչը հնարավորություն կտա արևային ժամերին արտադրելու և սպառելու էլեկտրաէներգիան, չսպառված էլեկտրաէներգիան էլ ուղարկելու ցանցերին, իսկ արդեն ոչ արևային կամ թույլ արևային եղանակին այդ էլեկտրաէներգիան հետ վերցնելու ցանցերից:
Սա ևս խիստ կարևոր խթան է Հայաստանում այս տեխնոլոգիաների զարգացման ու տարածման համար: Այնուհետև ոլորտի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցավ ՀԾԿՀ-ի կողմից ֆիքսված սակագներ սահմանելու հանգամանքը, ինչն այս ոլորտը դարձրեց նաև շահավետ բիզնես ոլորտ: Եվ վերջապես՝ Հայաստանում տարբեր կազմակերպությունների ու միջազգային կառույցների կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև որոշակի մատչելի ֆինանսական ռեսուրսների առկայությունը թույլ տվեցին, որ ոլորտն արագ զարգանա:

«Պրոգրեսը չես կարող կանգնեցնել, կա՛մ մասնակցում ես պրոգրեսին, կա՛մ այն շրջանցում է քեզ: Հիմա՝ չորրորդ արդյունաբերական հեղափոխության շրջանում, մենք շանս ունենք մասնակցելու, և մենք այդ շանսը պետք է օգտագործենք».
Արթուր Ալավերդյան, «Սոլարոն» ընկերության հիմնադիր

Վերականգնվող էներգիան կարևոր է մեզ համար, մաքուր է, բնապահպանական տեսանկյունից շատ առավելություններ ունի, բայց վերականգնվող էներգետիկան ունի նաև խնդիրներ: Օրինակ՝ երբեմն տեսակետներ ու հարցեր են հնչում, թե վերականգնվող էներգետիկան չի՞ կարող բավարարել մեր ամբողջ էներգետիկ կարիքները: Միանգամից նշենք՝ եթե անգամ կարողանա բավարարել, ապա այն չի կարող աշխատել բազային ռեժիմով: Այսինքն` եթե դուք ուզում եք էլեկտրաէներգիա ունենալ, օրինակ, գիշերը, և ամառ է, ապա ո՛չ ՀԷԿ-երը ձեզ էլեկտրաէներգիա կտան, ո՛չ արևային կայանները և ո՛չ էլ հողմային կայանները: Ուստի մեր ամբողջ էներգասպառման մոտ 40 տոկոսը պետք է ապահովվի բազային կայանների՝ ատոմակայանի ու ՋԷԿ-երի միջոցով: Ուստի ընդգծենք՝
Վերականգնվող էներգետիկան կարող է բավականին թեթևացնել ՋԷԿ-երի ու ԱԷԿ-ի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը, բայց չի կարող փոխարինել դրանց:
Էներգաարդյունավետություն
և խնայողություն
Հաջողության սանդուղքի երկու կարևոր աստիճաններ

Վերականգնվող էներգետիկայի ընձեռած հնարավորություններից ոչ պակաս կամ գուցե առավել կարևոր է կիրառել էներգախնայողության և էներգաարդյունավետության ընձեռած հնարավորությունները: Մասնավորապես՝ մասնագիտական կարծիքի համաձայն՝ Հայաստանն, ընդհանուր առմամբ, ունի 37 տոկոս էներգախնայողության պոտենցիալ: Ընդ որում՝ մեր շենքերում մասնագետներն էներգաարդյունավետության պոտենցիալը գնահատում են 30-60 տոկոս՝ 30-35 տոկոս՝ քարե շենքերում և տներում, մինչև 60 տոկոս՝ պանելային շենքերում:

Մակրոտնտեսական առումով՝ դա համարժեք է ատոմակայանի արտադրած էներգիայի քանակին: Իհարկե, փոխարինելի չէ, պարզապես ավելի լավ պատկերացնելու համար հիանալի համեմատություն է:
Աստղինե Պասոյան

Եթե էներգախնայողությունը, այսինքն` երբ հասարակության կենցաղավարության կուլտուրայում արմատավորվի, որ սենյակից դուրս գալիս պետք է դուռը փակել, կամ` օրվա լուսավոր ժամերին էլեկտրական լամպ չմիացնել, կամ` կենցաղում սկսել կիրառել ավելի էներգախնայող տեխնիկա ու տեխնոլոգիաներ, համադրվի էներգաարդյունավետ մտածողության ու լուծումների հետ, օրինակ՝ շենքերն ավելի էներգաարդյունավետ կառուցվեն, կիրառվեն էներգաարդյունավետ և խնայող սարքեր ու համակարգեր՝ նյութեր, ջերմամեկուսիչներ և այլն, դրան էլ գումարվեն այլընտրանքային էներգիայի համակարգերը, ապա խնայողություններն ու էներգետիկ արդյունավետությունը կլինեն անհամեմատելի բարձր:
էներգաարդյունավետության բարձրացումը հրամայական է
Չօգտագործել էներգաարդյունավետության ու խնայողության տեխնոլոգիաները, նշանակում է՝ մենք մեր ձեռքին եղած էնեգիան պատուհանից դուրս նետենք, ու հետո սկսենք մտածել, թե է՞լ ինչ կարելի է անել՝ անհրաժեշտ էներգիան ստանալու համար, է՞լ ինչ կայաններ ու հզորություններ կարելի է ստեղծել:

Ինչպես նշում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, կլիմային փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, էներգախնայողությունը միանշանակ հանգեցնելու է նրան, որ տնտեսվի ընտանեկան բյուջեն, իսկ աղքատության նվազեցման առումով դա կարող է լրջագույն ազդեցություն ունենալ, հատկապես` այն ընտանիքների համար, որոնց էներգետիկ ծախսերը, հատկապես` ձմռանը, կարող են կազմել ընտանեկան բյուջեի 30-40 տոկոսը: Իսկ, ընդհանրապես, տարեկան կտրվածքով եթե ընտանիքն իր ընտանեկան բյուջեի 10 տոկոսը ծախսում է էներգետիկ ռեսուրսների վրա, դա կոչվում է էներգետիկ աղքատություն:

Այսինքն՝ տնտեսական առումով ավելի էժան է նստում էներգիան խնայել էներգաարդյունավետության, էներգախնայողության տեխնոլոգիաների շնորհիվ, քան նոր արտադրող հզորություններ ստեղծելը: Դրա համար այստեղ պետք է արձանագրել՝ մենք կարող ենք էներգասպառումը կրճատել, ինչը մեզ համար քիչ փող կարժենա, բայց էներգիայի և ֆինանսի մեծ խնայողություն կբերի:

Բնապահպանություն
Հարց, որի կարևորությունը երբեք չի կարելի հետին պլան մղել, և գին, որը վճարելու են մեր ապագա սերունդները

Իհարկե, վերականգնվող էներգետիկան համարվում է էկոլոգիապես ավելի մաքուր, բնությանն ու շրջակա միջավայրին ավելի քիչ վնաս հասցնող, և բուն համակարգերի աշխատանքի ժամանակ ջերմոցային գազերի արտանետումներ չեն դիտվում: Բայց եթե խոսենք բնապահպանական տեսանկյունից, ապա չկա տնտեսվարման որևէ տեսակ, որը բնության վրա չունենա որևէ ազդեցություն՝ բացասական կամ դրական: Բնականաբար, վերականգնվող էներգետիկան ևս ունի, ու դրա մասին չի կարելի չխոսել:

Նախ հիշենք, որ ցանկացած լավ բան կարող է օգտագործվել վատ նպատակով: Առավել ևս, երբ մենք ունենք Հայաստանում փոքր ՀԷԿ-երի տխրահռչակ փորձը՝ իր բնապահպանական ամբողջ աղետով հանդերձ: Այս առումով, կարծես, արևային և հողմային էներգետիկան ավելի անվնաս են թվում, ու գոնե մինչ այժմ հատկապես արևային համակարգերի տեղադրման ու շահագործման հարցերում ի հայտ չեն եկել բնապահպանական լուրջ խնդիրներ: Բայց խնդիրներ, այնուամենայնիվ, կան: Օրինակ՝ խնդիր է, թե ո՞ր, ինչպիսի՞ տարածքներում պետք է տեղադրվեն արևային համակարգերը, որքա՞ն տարածք են զբաղեցնում դրանք, ի՞նչ ազդեցություն են ունենում տվյալ տարածքի բնության ու շրջակա միջավայրի վրա: Այնուհետև՝ երբ ավարտվի այդ համակարգերի սարք-սարքավորումների՝ արևային վահանակների, ջրատաքացուցիչների պիտանելիության ժամկետն ու գա դրանց ուտիլիզացիայի ժամանակը, ինչպե՞ս են կազմակերպվելու այդ հարցերը: Ի՞նչ բնապահպանական վնասներ են հասցվում վերականգնվող էներգետիկ սարքերի ու սարքավորումների արտադրության, տեղափոխման ու տեղադրման պրոցեսում և այլն, և այսպես շարունակ:

Անգամ վերականգնվող էներգետիկան զերծ չէ բնապահպանական հարցերից
Ամեն դեպքում՝ ոլորտի ներկայացուցիչները նշում են՝ լուրջ խնդիրներից ու ռիսկերից, գրագետ կառավարման դեպքում, հնարավոր կլինի խուսափել:

Ավարտելով՝ մեկ անգամ ևս նշենք՝ ապագան այլընտրանքային էներգետիկայինն է, և դրա մասին պետք է լրջորեն մտածենք «երեկվանից»:
ՀԵՂԻՆԱԿ
Գևորգ ԱՎՉՅԱՆ
30.07.2019թ. Երևան
Այս հրապարակումը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում: Դրա բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և/կամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեսակետները:
աղբյուրը՝ այստեղ: