ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Պրոֆպանել» ընկերության՝ Հայաստանում առաջին արեւային վահանակներ արտադրող գործարանի պաշտոնական բացման արարողությանը: SolarOn արեւային վահանակներ արտադրող եւ տեղադրող գործարանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 10 ՄՎտ, աշխատակիցների քանակը լրիվ արտադրական ծանրաբեռնվածության դեպքում՝  50 մարդ: Սկզբնական ներդրումների ծավալը կազմում է մոտ 2 մլն ԱՄՆ դոլար:

Ընկերությունը նախատեսում է արեւային վահանակներ մատակարարել ներքին շուկային, ապա կազմակերպել արտահանում դեպի տարածաշրջանային եւ այլ երկրներ։ 1,5 կՎտ հզորությամբ արեւային մինի-կայանը, որը կարող է արտադրել ամսական մոտ 200 կՎտժ էլեկտրաէներգիա, կարժենա 1,5-1,7 հազ. ԱՄՆ դոլար:  2017 թ. գարնանից ընկերությունն աշխատում է թեստային ռեժիմով եւ արդեն իրականացրել է արտադրական եւ բնակելի տարածքների համար արեւային կայանների տեղադրման մի շարք նախագծեր:

«Մենք շատ հպարտ ենք, որ փոքրիկ ներդրում ունենք Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման կարեւոր գործում: Ընկերության առաքելությունը տեսնում եմ հատկապես բարձր տեխնոլոգիաների ներդրման  եւ ներգրավման մեջ, մասնավորապես՝ այնպիսի տեխնոլոգիաների, որոնք լուծում են առավել սուր խնդիրներ՝ քաղաքացու, բիզնեսի եւ Հայաստանի համար: Ուրախալի է, որ ընկերության հիմնումը ժամանակային առումով համընկել է ոլորտի այն վերափոխումների հետ, որոնք ուղղված են Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Մեր նախագիծը համահունչ է կառավարութան որդեգրած ռազմավարությանը»,- նշել է SolarOn-ի հիմնադիր Արթուր Ալավերդյանը:

Աղբյուրը՝ այստեղ։