Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Պրոֆպանել» ընկերության՝ Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանի պաշտոնական բացման արարողությանը: Ընկերությունը Հայաստանում արևային վահանակների արտադրության ոլորտում գործունեություն է ծավալում 2016 թվականից SolarOn ապրանքանիշով: Վարչապետ Կարապետյանը շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության ծրագրերին և զարգացման հեռանկարներին: Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ SolarOn արևային վահանակներ արտադրող և տեղադրող գործարանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 10 ՄՎտ, աշխատակիցների քանակը լրիվ արտադրական ծանրաբեռնվածության դեպքում՝ 50 մարդ: Սկզբնական ներդրումների ծավալը կազմում է մոտ 2 մլն ԱՄՆ դոլար: