ArmLur.am-ի զրուցակիցն է ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցացիայի գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանը:

-Վերականգնվող էներգետիկայի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Ի՞նչ հեռանկարներ կան:

-Հայաստանի էներգետիկ անկախության աստիճանի բարձրացման, էներգախնայողության ապահովման, ինչպես նաև մաքուր միջավայրի տեսլականի զարգացման խթանման գործում անգնահատելի է վերականգնվող էներգետիկայի դերը: Եվ իզուր չէ, որ աշխարհում, ըստ տարբեր գնահատականների, 2018 թվականին կստեղծվեն շուրջ 110-120 ԳՎտ արևային էլեկտրակայաններ: Այդ առումով, Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ։ 1 քմ հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 ԿՎՏԺ/քմ, իսկ հանրապետության տարածքի մեկ քարորդն օժտված է տարեկան 1850 ԿՎՏԺ/քմ ինտենսիվությամբ արևային էներգիա պաշարով։ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի համակարգում այսօր գործունեություն է ծավալում 200-ից ավել տնտեսվարող, որոնցից միայն 185-ը՝ փոքր հիդրոէլեկտրակայաններ: Միայն 2017թ. Հայաստանում արտադրված մոտ 8 մլրդ էլեկտրաէներգիայից մոտ 1 մլրդ ապահովել են ՓՀԷԿ-երը, իսկ մոտ 200 մլն-ը՝ մնացած վերականգնվող էներգաարտադրողները: Եվ սա դեռ Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ Արցախի Հանրապետությունում նույնպես մեծ տեմպերով է զարգանում վերականգնվող էներգիայի ճյուղը, հատկապես՝ ՓՀԷԿ-երը: Եթե Հայաստանում տարեկան ՓՀԷԿ-երն արտադրում են մոտ 360 ՄգՎ հզորությամբ էլեկտրաներգիա, Արցախի Հանրապետությունում այն հասնում է մոտ 200-220 ՄգՎ հզորությամբ էլեկտրաներգիայի: Այս ամենը խոսում է այն մասին, որ էներգետիկայի այս թևը՝ մաքուր էներգետիկան, օրեցօր առավել արդիական և պահանջված է դառնում՝ ներգրավվելով մեր տնտեսության տարբեր ենթակառուցվածքներ:

-Վերջերս ընդունվել է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման մասին օրենքը, ի՞նչ սպասելիքներ ունեք այդ առիթով:

-Առաջին կարևոր քայլը կատարված է, սակայն դեռևս շատ անելիքներ կան այս ուղղությամբ։ Առջևում շուկայի կանոնների ձևավորման և հաստատման փուլն է։ Ըստ էության, սույն օրենքը ուժի մեջ է մտնելու ս․թ․ հուլիսի 1-ից, սակայն բոլոր դիրեկտիվաները, ենթաօրենսդրական ակտերի հաստատումը, ընթացակարգային խնդիրները միասին վերցրած պետք է ավարտվեն ըստ նախատեսվածի մինչև 2019թ․ վերջ, ասել է՝ 2020թ․ հունվարի 1-ից ամբողջությամբ օրենքը կսկսի գործել։ Իսկ մինչ այդ կարևոր իրադարձություն. ներդրվում է 6-ամսյա պիլոտային ծրագիրը, ըստ որի՝ սույն թվականի ապրիլի 1-ից մինչև սույն թվականի հոկտեմբերի 7-ը ՀՀ վերականգնվող էներգիայի բոլոր տնտեսվարողներին տրվում է բացառիկ հնարավորություն փորձարկել իրենց արտադրած էլեկտրաէներգիան շուկայում և վաճառել այն ազատ սակագնով և ազատ գնորդին: 6-ամսյա այս պիլոտային հնարավորությունը շուկայի ազատականացման նոր մոդելի փորձարկումներից մեկն է, որով փորձ է արվում մոդելի կիրառման արդյունավետությունը հասկանալ՝ խրախուսելով նաև ՓՀԷԿ-երին։ Այն, իրոք, մեծ փոփոխություն կբերի իր հետ էներգետիկ ոլորտի աշխուժացման և առողջացման ուղղությամբ՝ հնարավորություն տալով հատկապես փոքր խաղացողներին ինքնադրսևորվելու և ազատ պայմաններոմ իրացնելու սեփական արտադրանքը: Դրանով մեծապես մեկ շուկայի մոդելից անցում ենք կատարում մյուս մոդելին, որտեղ արդեն օրենքով թույլատրվելու են ներմուծել ազատականացման բաղադրիչները: Արդյունքում շուկայի ազատականացման պայմաններում նախատեսվում է թե՛ արտադրողների, և թե՛ սպառողների պատասխանատվության մեխանիզմների կատարելագործում: Ընդ որում, ազատ և մրցակցային շուկայական հարաբերություններ են հաստատվում ինչպես փոքրածախ, այնպես էլ մեծածախ շուկայում: Արդյունքում էներգիա արտադրողը հնարավորություն է ստանում իր հայեցողության ներքո շուկայի կանոններից ելնելով և ազատ մրցակցային պայմաններում վաճառել ճիշտ այնքան էլեկտրաէներգիա և այն սակագնով ու այն թրեյդերին, որի հետ պայմանագիր է կնքում:

-Իսկ ինչպիսի՞ խնդիրներ եք տեսնում ՀՀ վերականգնվող էներգիայի ոլորտում, որոնք, ըստ Ձեզ, խիստ առաջնահերթային են:

-Դրանք, իհարկե շատ են, սակայն, այս ամենից զատ, դեռևս կան իրավունքի պաշտպանության որոշակի թերացումներ, և այն գալիս է հատկապես օրենսգրքային համապատասխան դրույթների բացերի պատճառով: Օրինակ, ՀՀ ջրային օրենսգրքով և համապատասխան այլ իրավական նորմերով ամբողջովին չեն ապահովվում ջրօգտագործողի իրավունքները: Ըստ այդմ, ազատականացված շուկա դուրս գալու արդյունքում ո՞վ է պատասխանատու, օրինակ, ՓՀԷԿ-երի ջրօգտագործման իրավունքների պատշաճ ապահովման հարցում, երբ, մի կողմից` արտադրողը համապատասխան պայմանագիր է կնքում և պարտավորվում վաճառել անհրաժեշտ քանակի էլեկտրաէներգիա, մյուս կողմից`չի ապահովվում իրեն պետության կողմից տրամադրված ջրօգտագործման իրավունքը, և նա չի կարողանում արտադրել անհրաժեշտ էլեկտրաէներգիան: Ստացվում է, որ այսօր մենք գնում ենք շուկայի ազատականացման ճանապարհով առանց ջրօգտագործման իրավունքների ապահովման հստակ երաշխիքների: Այն նաև պայմանավորված է կոնկրետ տեխնիկատնտեսական բացերով: Ցավոք սրտի, մինչև այսօր և շարունակաբար այսօր նույնպես ջրային ծավալները և պաշարները չափել, բաշխել և կառավարել են ձողաչափերի և աչքաչափերի միջոցով, ինչը կատարվում է ներկայումս էլ: Եվ քանի որ այդ բացերն առկա են նաև օրենքում, ուստի դրա վրա համարժեք ուշադրություն չի դարձվում, ինչից էլ օգտվում են չարաշահողները, արդյունքում՝ տուժում ջրային համակարգի ընդհանուր կառավարումը: Եվ սա միայն դեռ հիդրոհամակարգն է: Համապատասխանաբար, խնդիրներ կան նաև վերականգնվող էներգիայի արտադրության այլ ոլորտներում, մասնավորապես՝ արևային, հողմային, որտեղ էլ խնդիրը թաքնված է հատկապես ֆիզիկական տարածության սահմանափակումների մեջ, ինչի արդյունքում կարող է տուժել, մասնավորապես, գյուղատնտեսությունն ու անասնապահությունը: Ուստի այս ամենը պահանջում է համալիր մոտեցում, օրենսդրական և կառավարչական հստակ բարեփոխումներ:

Աղբյուր՝ այստեղ։