Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով): Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ տարածքում վերականգնվող էներգետիկ աղբյուրների կիրառմամբ արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկման մեթոդիկան, ըստ որի տարեկան կտրվածքով սահմանվում է սակագին նաև արևային էներգետիկայի համար: Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 25-ի թիվ 128-Ն որոշման արևային էներգետիկայի սակագինը 2016 թվականի հուլիսի 1-ից մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը կազմում է 42,645 դրամ առանց ԱԱՀ: Վերոնշյալ մեթոդիկայի համաձայն յուրաքանչյուր տարեվերջին ինդեքսավորվում է արևային էներգետիկայի սակագինը՝ կախված դոլարի համեմատ ՀՀ դրամի տատանումներից որոշակի ժամանակահատվածի համար և կախված Հայաստանում սպառողական գների փոփոխությունից: Այդ սակագինը սահմանվում և վերանայվում է ըստ հանձաժողովի կողմից 2015 թվականի ապրիլի 22-ի թիվ 88-Ն որոշմամբ ընդունված հստակ մեթոդիկայի:

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում ինքնավար էներգաարտադրության մասսայականացման նպատակով էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նախաձեռնել է մի շարք օրենսդրական փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում, որոնք պայմաններ կստեղծեն միջին և խոշոր սպառողների համար՝ էլեկտրաէներգիա արտադրել սեփական կարիքների համար։ Առաջարկվող օրենսդրական փոփոխություններն արդեն արժանացել են կառավարության հավանությանը։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից տեղեկացնում են, որ խոշոր սպառողներին ինքնավար էներգաարտադրությամբ սեփական կարիքները բավարարելու հնարավորություններ տալու համար առաջարկվում է վերանայել գործող 150 կՎտ սահմանաչափը։ Ներկայումս ֆիզիկական և իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի կարծիքով՝ խոշոր սպառողների դեպքում այդ հզորությունը բավարար չէ, ուստի «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկվում է վերանայել 150 կՎտ սահմանաչափը և հասցնել 500 կՎտ-ի։ Դրանով էլեկտրաէներգիայի խոշոր սպառողների համար կստեղծվեն օրենսդրական հիմքեր` սեփական կարիքների բավարարման նպատակով ինքնավար էներգաարտադրողների գործառույթներ իրականացնելու համար։ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում առաջարկվում է սահմանել վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջև փոխհոսքերի կարգավորման պայմանները: Ըստ այդմ, փոխվում է փոխհատուցման հաշվարկի մոտեցումը։ Եթե հիմա փոխհատուցումն իրականացվում է ամսական կտրվածքով, ապա առաջարկում է այն դարձնել տարեկան։ Տարեվերջին բաշխիչ ընկերությունն ամբողջ տարվա կտրվածքով կհաշվարկի ինքնավար արտադրողի հետ ունեցած փոխհոսքերը և միայն դրանից հետո կես գնով կվճարի ավել տրամադրված էլկետրաէներգիայի դիմաց: