Հայաստանում արևային վահանակներ արտադրող առաջին և դեռևս միակ ապրանքանիշի՝ «Սոլարոնի» (Solaron) հիմնադիր և FAST հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ալավերդյանը պնդում է՝ ցանկացած բիզնես ռիսկ է, ու եթե որևէ բիզնես ռիսկային չլիներ` երևի բիզնես չէր համարվի: «Սոլարոնը» ստեղծելիս, ինչպես «Անկախի» հետ զրույցում ասաց նա, գլխավոր նպատակը տեխնոլոգիական առաջընթացն ու Էներգետիկ ոլորտում հեղափոխությունը Հայաստան բերելն է, այդ ոլորտը Հայաստանում զարգացնելը, ինչպես նաև մարդկանց կրթելն ու տեղեկացնելը և նրանց խնդիրները լուծելն ու կյանքի որակը բարելավելը: Հայաստանում «Սոլարոն» վահանակները սկսեցին արտադրվել 2017 թվականի գարնանից: Արթուր Ալավերդյանի դիտարկմամբ՝ նման տեխնոլոգիաների արտադրական հիմնական հզորությունները ներկայումս գտնվում են Չինաստանում, Հարավային Կորեայում, Թայվանում, իսկ Եվրոպայում խոշոր խաղացողներ չկան, բոլորը հիմնականում տեղական խաղացողներ են, ուստի «Սոլարոնը» նաև տարածաշրջանային լիդեր դառնալու լուրջ հնարավորություններ է տեսնում: «Մենք մեր տեսլականում երազանք ունենք, որ մինչև 2030 թվականը Հայաստանը դառնա էներգետիկ անկախ երկիր, կախում չունենանք ածխաջրածնային ռեսուրսներից՝ նավթից ու գազից: Այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի ամբողջ պահանջարկի մոտ մեկ երրորդը ՀԷԿ-երն են ապահովում, մյուս մեկ երրորդը՝ ԱԷԿ-ը, մնացածը գազից է արտադրվում: Մեր պատկերացումն այն է, որ հնարավոր է ԱԷԿ-ի արտադրանքի մասնաբաժինը նվազեցնել 5-10 տոկոսի, ՀԷԿ-երը շարունակեն մնալ նույնը, իսկ մնացածը կարող է բավարարվել վերականգնվող էներգետիկ ռեսուրսների միջոցով՝ հենվելով արևային էներգետիկայի վրա: Իսկ դրա համար մեծ աշխատանք է պահանջվում: Բայց կարևորը սկսելն էր: Դա Հայաստանին այսօր անհրաժեշտ է, և ոչինչ չի խանգարում օգտագործել դա: Արևը, կարելի է ասել, երկնքում անվճար վառվող ջերմամիջուկային ռեակտոր է և մեզ էներգիա է ուղարկում: Ինչո՞ւ չօգտվել դրանից, մանավանդ որ այսօր տնտեսապես շատ ձեռնտու են ներդրումները նման տեխնոլոգիաներում` դրանք 5-6 տարում վերադառնում են: Մի խոսքով, ինչո՞ւ չփորձենք էներգետիկ անկախություն ձեռք բերել»,- ասաց Արթուր Ալավերդյանը: «Սոլարոնն» էլ հիմնվեց՝ չվախենալով ռիսկերից: Արթուր Ալավերդյանը մոտ 10 բիզնես նախաձեռնություններ է ունեցել, արտադրություններ, որոնց մի մասը ձախողվել է, մի մասը մինչ հիմա էլ աշխատում է, այդ թվում նաև «Սոլարոնը»: Հարցն այն է, ինչպես նշում է մեր զրուցակիցը, որ կարելի է այդ ռիսկերի նվազեցման միջոցներ ձեռնարկել, այդ դեպքում հաջողություններն ավելի շատ կլինեն, քան ձախողումները: «Եթե նախաձեռնության տեսլականն ունես, եթե ապագան պատկերացնում ես, հավատում ես դրան, ապա ներդրում ես անում, ռիսկի ես դիմում ու առաջ ես գնում: Ընդամենը: Այդպես համառորեն պետք է առաջ գնալ մինչև հաղթանակը: Դժվար է իհարկե, պրոբլեմները շատ են, բայց պետք է գիտակցել, որ պրոբլեմները միշտ, ամենուր ու բոլոր գործերում էլ կան, առանց պրոբլեմի զարգացումն անհնար է: Որովհետև, եթե Ա կետից պետք է տեղափոխվես Բ կետ, դա մի իրավիճակից անցում է մեկ այլ իրավիճակի, և այդ ընթացքը խնդիրների շարք է, որոնք պարտադիր պետք է լուծումներ ստանան: Դա նշանակում է, որ պետք է փոփոխություններ լինեն , և այդ փոխելու գործընթացը միշտ էլ բարդ է ու դժվար: Ընդհանրապես ես այն կարծիքին եմ, որ պրոբլեմ չկա միայն գերեզմանում… Բիզնեսը հենց պրոբլեմներ լուծելու մեխանիզմ է: Ու որքան մեծանում է հիմնածդ բիզնեսը, կազմակերպությունը, այնքան պրոբլեմների քանակն ու որակն են մեծանում, խոշորանում»,- ասաց «Սոլարոնի» հիմնադիրը: Նա բիզնեսի մոտ 25 տարվա փորձ ունի և այդ փորձից ելնելով էլ ներկայացնում է իր կարծիքը, որի համաձայն՝ ձեռներեցները պետք է օժտված լինեն անձնազոհության, ժամանակից առաջ ընկնելու, նորին, կատարյալին ձգտելու, անընդհատ զարգանալու և առաջ գնալու հատկանիշներով: Նա սիրով ներկայացրեց նաև իր ու «Սոլարոնի» թիմի, այսպես ասած, «հաջողության գաղտնիքը». աշխատանքում ֆինանսական հարցերը երկրորդական տեղ են զբաղեցնում, առաջին տեղում հետևյալ գաղափարն է. այն, ինչ անում են, ինչ ստեղծում և առաջարկում են, լինի դա ապրանք թե ծառայություն, մարդկանց, հասարակության համար պետք է ավելի մեծ արժեք ունենա, քան այն գինը, որ նրանք վճարում են դրա դիմաց: «Խոսքն այն մասին է, որ հասարակությունն արժեքներ ու իրական օգուտ ստանա միայն այն հանգամանքից, որ հայտնվել ես, կաս, որ առանց քո գոյության ու քեզ հետ միասին իրականությունների տարբերությունը զգալի է: Ինչ-որ արժեք պետք է բերես, որ հասարակությանը ձեռնտու լինի, օգուտ տա, օրինակ՝ ապրանքի կամ ծառայության գինն էժանանա, որակը լավանա, մարդկանց կյանքի որակը լավանա, մարդկանց խնդիրները լուծվեն և այլն: Հիմա «Սոլարոնն» էլ բիզնես է, բայց այն ավելի շատ արժեհամակարգ կերտող ներդրում է, փոփոխություններ է բերում ինդուստրիայի և էներգետիկ ոլորտում: Հիմա ես հավատում եմ, որ մեր գործունեությունը երկարատև կտրվածքով կհանգեցնի նրան, որ էլեկտրաէներգիայի գինը վերջնական սպառողի համար կնվազի»,- ասաց «Սոլարոնի» հիմնադիրը: Արթուր Ալավերդյանի դիտարկմամբ՝ բիզնեսմենը պետք է կազմակերպչական ունակություններ ունենա, անպայման երազանք ունենա ու տեսլական, թե ինչպես է գնում դեպի իր երազանքը, պետք է լինի նաև լիդեր, որպեսզի իր թիմին կարողանա առաջնորդել դեպի այդ երազանքը, այդ տեսլականը, պետք է որոշակի խարիզմա ունենա, որպեսզի նրան հավատան ու նրա հետևից գնան: Հաջողակ ձեռներեցը շեշտում է՝ բիզնեսմենն անպայման պետք է անընդհատ զարգանա, ինքնակրթվի, ճկունություն ունենա, նոր հնարավորությունները տեսնի, չկարծրանա մոտեցումների, պատկերացումների մեջ և պատրանքներին չտրվի: «Նոր բիզնես ստեղծելը կարծես նույնը լինի, ինչ նոր երեխա ծնվելը: Այսինքն՝ բիզնեսը կարծես երեխադ լինի. առաջին օրվանից պետք է պատրաստ լինես, որ քո ամբողջ ժամանակը նրան տրամադրես, չընկճվես, երբ հիվանդանում է, պետք է բուժես, նրա մասին հոգ տանես, դաստիարակես ու գիտակցես, որ մեծանալու և մեծ՝ ինքնուրույն մարդ է դառնալու: Այսինքն՝ սա սկզբում ինքնուրույն չէ, ու պետք է ջանք ու եռանդ չխնայես, որպեսզի մեծանա և ինքնուրույն դառնա: Ու երբ այն ինքնուրույն է դառնում, արդեն չպետք է խանգարես ինքնակայացմանը: Այսինքն՝ այնպես չլինի, որ միշտ, այսպես ասած, «հայրիկի թևի տակ» լինի: Ամեն դեպքում միշտ էլ գիտակցում ես, որ բիզնեսին պետք է նվիրես ամենաթանկ, իրականում միակ անգին բանը՝ քո ժամանակը, որը վերականգնել հնարավոր չէ»,- ընդգծում է FAST հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Մեր հարցին՝ ինչն է մղում մարդուն զբաղվել բիզնեսով, նա այսպես արձագանքեց. «Բիզնեսով զբաղվում ես այն բանի համար, որ քո ներսում ծնված տեսլականը, երազանքները, պատկերացումներն իրագործես, ստեղծես քո միջավայրը, քո աշխարհը և լինելով ազատ ու անկախ՝ տարածես քո իդեաներն ու մշակույթը»:

Աղբյուրը՝ այստեղ