Արեգակնային ջերմության օգտագործումը ապանքների սառեցման նպատակով դեռ հայտնի է հնագույն Եգիպտոսի ժամանակներից, սակայն եգիպտացիների կողմից օգտագործվող սառեցման սկզբունքը մինչ այժմ կիրառվում է Աֆրիկայի և Ասիայի որոշ շրջաններում: Ժամանակակից մեկնաբանության մեջ գոլորշիացման միջոցով սառեցման այդ սկզբունքը կոչվում է «ամանը ամանի մեջ» (Pot-in- Pot):

Պատկեր 1: “Pot-in- Pot” սառնարան

Նման սառնարան պատրաստելը բավականին պարզ է: Երկու կավե ամաններ դրվում են մեկը մյուսի մեջ: Ներսի ամանը պատրաստված է փխրեցված կավից, որը թույլ չի տալիս խոնավության ներթափանցումը և արտաքինից թրծված չէ: Երկու ամանների միջև տարածքը լցվում է ավազով, որը պետք է մշտապես խոնավեցվի: Խոնավության գոլորշացումը արտաքին կավե ամանի պատերի միջոցով հեռացնում է ջերմությունը և սառեցնում ներսի կավե ամանը:

Պատկեր 2: Օգոստոս Մուշոտի «Արեւային սառնարան» 1878 թ. Փարիզյան ցուցահանդեսում

Ամբողջ աշխարհի էլեկտրաֆիկացումից հետո այս բոլոր գաղափարները գրեթե մոռացվեցին, և հոսանքով աշխատող սառնարանները վստահորեն մուտք գործեցին մեր առօրյա և արդյունաբերություն: Եվ, փաստորեն, այսօր շատ երկրներում էլեկտրաէներգիայի առկայությունը տներում ընդունված երևույթ է, իսկ էլեկտրական ցանցի կողմից մատակարարվող էներգիան՝ անսահման, և ոչ ոք չի մտածում, որ ավելի լավ է անջատել չօգտագործվող լույսը կամ համակարգիչը:

Պատկեր 3: Սոլարոն ապրանքանիշի արևային վահանակներով սնուցվող Սառը սենյակ

Սակայն, 21-րդ դարի սկզբին, մարդիկ վերջապես մտածեցին գլոբալ տաքացման խնդրի շուրջ և վերականգնվող էներգետիկ աղբյուրները դարձան արդիական: Զարգացած երկրները սկսեցին ներդնել արևային էներգիայի տեխնոլոգիաներում և արևային վահանակները 2010թ. ի վեր հասանելի դարձան սպառողների լայն շրջանակին: Պետք է նշել, որ արևային վահանակների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայով սնուցվող սառնարանի գաղափարը բացարձակապես «էներգետիկ հավասարակշռված» է, քանի որ մեզ անհրաժեշտ է հովացում շոգ, արևոտ օրերին և այդ օրերին մենք ունենք արևային վահանակներից առավելագույն էներգիայի արտադրություն: Եվ եթե հաշվի առնենք, որ մեր կյանքում գոյություն ունեն բնական աղետներ, որոնց արդյունքում շատ զարգացող երկրներ էլեկտրականությունից զուրկ են, և նույնիսկ զարգացած երկրներում էլեկտրաէներգիան հասանելի չէ ամենուրեք, մենք կարող ենք եզրակացնել, որ շատ դեպքերում արևային էներգիայով աշխատող սառնարանը մեծ պահանջարկ կունենա:

Պետք է նշել, որ արևային վահանակների անհրաժեշտ հզորության և մարտկոցների հզորության հաշվարկը գիշերային ժամերին և ամպամած օրերի սառնարանը սնուցելու համար կախված է ոչ միայն տվյալ տեղանքում արևի ինսոլիացիայից, այլ նաև կախված է սառնարանի պատերի ջերմային հաղորդակցությունից, և սառնարանում պահվող ապրանքի տեսակից ու ծավալից: Մեր ընկերությունը նպատակ է հետապնդում զարգացնել Հայաստանում գյուղատնտեսական ապրանքների պահպանման համար նախատեսված օպտիմալ Սառը սենյակի գաղափարը: Նման սառնախցիկի նախատիպը արդեն հավաքվել է և գտնվում է փորձարկման փուլում:

Հեղինակ՝ Վ. Շարաֆյան