Ընթացիկ հունվարը տաք է լինելու: «Տաք սկսվել է, տաք էլ կշարունակվի»,-   ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Հավելեց, որ օդի միջին ջերմաստիճանը ամսվա վերջում նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով: Տեղումների կանխատեսվող քանակը նույնպես կլինի նորմայից շատ: Իսկ դա, ըստ էության, նշանակում է, որ շատ հարմար պայմաններ են ստեղծվել արևային կայաններ տեղադրելու համար։

«Բարձրադիր բնակավայրերում՝ լեռնային շրջաններում, բոլոր օրերին ձյուն կլինի, իսկ ցածրադիր հատվածներում որոշ օրերի ձյուն կտեղա, որոշ օրերի՝ անձրեւ»,- նկատեց Գագիկ Սուրենյանը: Ինչ վերաբերում է առաջիկա օրերին կանխատեսվող եղանակին, ապա սպասվում է ջերմաստիճանի նվազում: «Հանրապետությունն այսօր գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում, մի շարք շրջաններում, հիմնականում հյուսիսային կեսում, ձյուն է տեղում, առանձին հատվածներում կա բուք: Այս պահին բացառություն են կազմում Արարատյան դաշտը, Սյունիքը, Վայոց Ձորի նախալեռնային գոտիները, որտեղ դեռեւս տեղումներ չկան, բայց կեսօրից հետո առանձին հատվածներում կանխատեսվում են թույլ կարճատեւ տեղումներ: Վաղը ցերեկը՝ կեսօրից հետո պրոցեսը ակտիվանալու է, եւ արդեն ընդգրկի հանրապետության, կարելի է ասել, բոլոր շրջանները: Վաղը ցերեկը շրջանների մեծ մասում կանխատեսվում են տեղումներ. լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրեւի տեսքով: Ամսի 10-ից հանրապետությունը կգտնվի անտիցիկլոնի ազդեցության գոտում մինչեւ 13-ը ներառյալ: Ամսի 10-13-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ»,- ասաց օդերեւութաբանության կենտրոնի պետ:

Այսօր դեռ բավականին տաք կլինի, մասնավորապես առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ +15 աստիճանի: Այսպիսի ջերմաստիճան կանխատեսվում է Սյունիքի հովտային շրջաններում՝ Մեղրիում, Կապանում: «Այսօր հանրապետության ողջ տարածքում է ջերմաստիճանը բարձր է 4-5 աստիճանով»,- ասաց Գագիկ Սուրենյանը: Իսկ վաղվանից՝ հունվարի 9-10-ն ընկած ժամանակահատվածում, ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: «Ռուսաստանում էլ, Եվրոպայում էլ շատ սաստիկ ձմեռ է՝ մրրիկներ, ձյան առատ տեղումներ եւ այլն: Մենք կրկին բացառություն ենք կազմում այս տարի», – նկատեց Սուրենյանը:

Աղբյուրը՝ այստեղ։