Արցախյան իշխանությունները հետայսու նույնպես պատրաստ են շարունակել վերականգնվող  էներգիայի ոլորտի զարգացումը մասնավոր գործընկերների հետ: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ով ս․թ․ հուլիսի 26-ին ընդունել էր Արցախում արևային էներգիայի արտադրությամբ   զբաղվող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների՝ «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի տնօրեն Վասպուրակ Կարապետյանի գլխավորությամբ։

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, հանդիպման հիմնական թեման կազմել է Արցախում ֆոտովոլտայիկ վահանակների (արևային էներգետիկա) հետագա ծավալումն ու զարգացումը։

Քննարկման մասնակիցները կարևորել են արևային էներգիայի սպառողների հոսանքահաշվիչ համակարգերի առանձնացումը մայր ցանցից և հաշվարկային հստակ մեխանիզմի կիրառումը։

Դրական ընդունելով այս առաջարկը՝ պետնախարարը հյուրերին տեղեկացրել է, որ իշխանությունները նախատեսում են արդեն այս աշնանն օրենսդրական նորամուծություններ իրականացնել, որոնք Հայաստանի Հանրապետության օրինակով թույլ կտան ինքնավար արևային կայաններ ունեցող մենատնտես քաղաքացիներին էլեկտրաէներգիայի ավելցուկը վաճառել «Արցախէներգո» ՓԲԸ-ին։

Հանդիպման ավարտին Գ․ Մարտիրոսյանն առաջարկել է հյուրերին ապագայում ֆինանսական միջոցների բավարար առկայության պարագայում արևային էներգիայի զարգացման տեսանկյունից ուշադրության կենտրոնում պահել նաև Շահումյանի շրջանը՝ որպես վերաբնակեցված գոտի։ Ներկայումս առտնին և համայնքային նշանակության արևային վահանակներ կան Շուշիի և Ասկերանի շրջաններում։

Աղբյուրը՝ այստեղ։